
Թորոս Սէֆիլյանի կոչը

Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը` Թորոս Սէֆիլյանը, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով. «Ժիրայր Սէֆիլեանի այսօրուայ Ձերբակալութեան Պատճառը մէկն է՛, «Իշխանությունները Պատրաստվում են «ՀՈՂ» Հանձնել» Ոտքի ժողովուրդ, Ոտքի՛…»:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:
Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: