Բաժիններ՝

Գյուղացիներն այսուհետ կարող են չմտահոգվել կարկտի վնասակար ազդեցությունից

«Լոկատոր» ընկերությունը, ուսումնասիրելով աշխարհում տարածված բոլոր հակակարկտային համակարգերի առավելություններն ու թերությունները, ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ, որը թույլ կտա այլևս չմտահոգվել հակակարկտային համակարգերի անսարքության, չկրակելու և անարդյունավետ աշխատելու մասին:

Համակարգը բաղկացած է ՀԱԳ-120 հակակարկտային կայաններից և կառավարվող ծրագրային ապահովումից: Համակարգի նորարարությունը կայանում է նրանում, որ հնարավոր է իրականացնել կայանների կոմպլեքսային կառավարում: Նմանատիպ կառավարման շնորհիվ կարելի է իրականացնել ցանկացած քանակով, ուժգնությամբ, ժամանակային ինտերվալներով կրակոցներ:

Ծրագրային ապահովումը թույլ է տալիս քարտեզի վրա նշել կայանների խումբ, կրակոցների քանակ, ուժգնություն, միջկրակային ժամանակ և ակնթարթորեն գործածել դրանք: Հենց այս հատկությունն էլ էապես բարձրացնում է ամբողջ համակարգի արդյունավետությունը, քանի որ բոլոր կայաններն աշխատում են միասին և իրենց ազդեցությունն իրականացվում է ամպամածության ողջ տարածքով:

Բացի կիրառական ֆունկցիաներից, ծրագրային ապահովումն ունի համառոտ մոնիթորինգային և անվտանգության համակարգեր, որոնց միջոցով կարելի է առցանց ռեժիմում տեսնել տարաբնույն օգտակար տեղեկատվություն` գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը, արևային մարտկոցի վիճակը և այլն:

«Ծրագրային համակարգը լիովին մշակվել է «Լոկատոր» ընկերության կողմից և իր բնույթով չունի անալոգներ: Վերջին տարիներին կարկտի դեմ պայքարի աշխատանքները ցույց են տվել, որ թեև առկա կայանների գործունեությունը որոշ չափով նվազեցնում է կարկտահարությունից հնարավոր վնասները, սակայն բավարար արդյունք չի ապահովում, ինչի պատճառով գյուղացիները կրում են զգալի վնասներ: Այս համակարգը ստեղծելիս հաշվի ենք առել շուկայում առկա կայանների բոլոր թերի, բացասական կողմերը` լավագույն որակ ստանալու համար»,- նշում է «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը:

Ներկայում հանրապետության տարածքում տեղադրված են հակակարկտային կայաններ, որոնք կառավարվում են մեկ տեսակի կապի միջոցով, չունեն առցանց մոնիտորինգի և կառավարման համակարգ, ինչի արդյունքում կարկտի դեմ պայքարն իրականացնում է անարդյունավետ: Կայանը կառավարում է GSM/GPRS ինտերնետային կապուղու և որպես պահուստային կապուղի SMS կարճ հաղորդագրոթյունների միջոցով՝ միաժամանակ 2 տարբեր օպերատորների SIM քարտերով:

Նոր հակակարկտային կայանները` ՀԱԳ-ը, աշխատում են լիովին ավտոնոմ ռեժիմում և ցանկացած անսարքություն առաջանալու դեպքում ահազանգ են ուղարկում կենտրոնական կառավարման կենտրոն: Պաշտպանվող տարածքը 1 կայանի հաշվարկով կազմում է 120 հեկտար: Կայանը 5 վայրկյանը մեկ կարող է անընդմեջ կրակել ավելի քան 500 անգամ, հարվածային ալիքի արագությունը առնվազն 500մ/վ է: Կայանի կառավարման և սնուցման մասը առանձնացված է կրակող մասից, ինչը բացառում է ցնցումների և վիբրացիաների բացասական ազդեցությունը նրանց վրա:

«Լոկատոր» ընկերության մասին «Լոկատոր» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում:

Օգտագործելով կուտակված փորձն ու նորարարական գաղափարները` ներկայումս ընկերությունը ներկայացնում է մի շարք լուծումներ երկրատեղեկատվական /GIS/, առցանց վերահսկողության և հեռահար կառավարման ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս