España es el campeón de la, կամ՝ ինչո՞ւ Իսպանիան պետք է հաղթի Եվրո-2016-ը
Ավարտին է մոտենում Եվրո-2016-ի խմբային փուլը: Այս փուլում ֆավորիտ հավաքականներն այնքան էլ տպավորիչ խաղ չցուցադրեցին: Ֆավորիտ հավաքականներից միայն Իսպանիայի ազգային հավաքականը երկու վստահ հաղթանակ տոնեց: Խմբային փուլի խաղերից հետո բուքմեյքերների մոտ մեծացավ իսպանացիների հաղթանակի գործակիցը:
Աշխարհի 2014 թվականի առաջնությունում ունեցած ֆիասկոյից հետո, թվում էր, թե այս Իսպանիայից ոչինչ սպասել պետք չէ, սակայն կարմիր ֆուրիան ապացուցեց, որ իր խոսքը դեռ չի ասել:
Իսպանիայի այս հավաքականի առանձնահատկությունն այն է, որ հավաքականում ընդգրկված են թե ֆուտբոլիստներ, ովքեր իրենց կարիերայում նվաճել են բոլոր տիտղոսները, թե ֆուտբոլիստներ, ովքեր նոր են քայլերն անում եվրոպական ստուգատեսում: Այսինքն՝ իսպանացիների մոտ համադրված է փորձն ու եռանդը:
Փորձառու մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շեշտը դրել է երիտասարդ հարձակվող Մորատայի վրա: Խմբային փուլի երկու հանդիպումները ցույց տվեցին, որ մարզիչը չի սխալվել: Մորատան հրաշալի է համագործակցում Անդրես Ինիեստայի հետ:
Իսպանացիները կարող են հաղթել այս մրցաշարում, քանի որ հրաշալի է գործում վերջին տարիներին Իսպանիայի ազգային հավաքականի առաջատար Անդրես Ինիեստան: Ֆանտաստիկայի ժանրից են այն փոխանցումները, որ կատարում էր Ինիեստան Թուրքիայի հետ խաղում: Իսպանական ֆուտբոլի ամենահամեստ ներկայացուցիչներից մեկն իր խաղով համակարգում է իսպանացիների գործողությունները ՝ իրար կապելով բոլոր օղակները՝ պաշտպանությունից մինչև հարձակում:
Պետք է խոսել նաև Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանների մասին: Փորձառու պաշտպաններ Սերխիո Ռամոսի և Ժերարդ Պիկեի գլխավորությամբ իսպանացի պաշտպանները հրաշալի են գործում: Վերոնշյալ ֆուտբոլիստները հրաշալի օգնում են թիմին նաև ստանդարտներն իրացնելիս և անկյունային հարվածների ժամանակ:
Այս տարի կարմիր ֆուրիայի հիմնական խնդիրն ապացուցելն է, որ երկու տարի առաջ տեղի ունեցածը պարզապես թյուրիմացություն էր: Այդպես են մտածում նաև Իսպանիայի թագավորական ֆեդերացիայի ներկայացուցիչները: Այս մասին է վկայում այն, որ Աշխարհի առաջնությունից հետո Վիսենտե դել Բոսկեն մնաց իսպանացիների գլխավոր մարզչի պաշտոնում:
Սիրարփի Աղաբաբյան