Չեխ պատգամավորը հնարավոր է համարում բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կարգավորումը

Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը հնարավոր է համարում բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը:

«Երբ երկու երկրների նախագահները հանդիպում են եւ ի վիճակի են նստել բանակցային սեղանի շուրջ, ապա միշտ էլ կա հույս խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Քառօրյա պատերազմը, փաստացիորեն, ոչ մի դրական ազդեցություն չունեցավ։ Պարզապես տառապանք։ Եվ ես կուզենայի հիշատակել Երեւան կատարած այցի ժամանակ Չեխիայի նախագահ Զեմանի խոսքերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի եւ Ֆրանսիայի հաշտեցման մասին։ Եթե այդ համագործակցությունը հնարավոր եղավ այս երկու հզոր հակառակորդների միջեւ, ապա չկա որեւէ պատճառ, որ այս նույնը չպատահի Ադրբեջանի եւ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է չեխ պատգամավորը:

Նրա խոսքով` այնուամենայնիվ, այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններն անօգուտ են։

«Իհարկե, ես ավելի գոհ կլինեի, եթե բանակցությունները լինեին ավելի չեզոք վայրում` Չեխիայի Հանրապետությունում, որը լավ հարաբերություններ ունի եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ։ Անկեղծ ասած, ես հավատում եմ, որ հաշտեցման հասնելու համար լավագույն տարբերակը ներկա իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ապագան ռացիոնալ կերպով դիտարկելն է: Այսպես կողմերից եւ ոչ մեկը չի առճակատվի Ռուսաստանի` Լեռնային Ղարաբաղը կողմերի դեմ որպես պոտենցիալ գործիք օգտագործելու խնդրին»,- ասել է Ռոբին Բյոնիշը:

Տեսանյութեր

Լրահոս