Շինարարական աշխատանքերի ժամանակ Արտանիշում դամբարաններ են հայտնաբերվել
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հողի տակից բացվել են դամբարաններ, որոնցում պահպանվել են մարդկանց կմախքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը, գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ընթացքում գյուղամիջում ի հայտ են եկել մի քանի դամբարան, որոնցից շինարարները դուրս են բերել մարդկային կմախքի մնացորդներ՝ սրունքոսկրեր, կողոսկրեր, գանգեր, որոնք այժմ պահվում են Արտանիշի գյուղապետարանում:
«Կմախքների հետ այլ նյութեր դամբարաններում չեն գտնվել, թեեւ հնագիտական պեղումների դեպքում դրանք կարող են ի հայտ գալ: Ամեն դեպքում դամբարանները եւ դրանցում պահպանված կմախքները կարիք ունեն գիտական ուսումնասիրության, ինչով եւ կարող է պարզվել, թե որ ժամանակների եւ քաղաքակրթության գերեզմաններ են դրանք, ինչ գաղտնիքներ են պարունակում: Գտածոները կարող ենք պահպանել մեր դպրոցի թանգարանում: Հուսանք, որ դրանք կարժանանան նաեւ հնագետների ուշադրությանը»,- նշեց Կարեն Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան