Հայաստանում պատրաստվում են ձվերով և փչացած լոլիկներով դիմավորել Արամ Աթեշյանին
«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությունը պատրաստ է ծայրահեղ քայլերի՝ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանը: Ինչպես հայտնի է, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պատրաստվում է հունիսի 22-ին այցելել Հայաստան: Նախաձեռնության կազմակերպիչները կոչ են անում Արամ Աթեշյանի այցի օրը հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և թույլ չտալ նրա մուտքը Երևան:
Գ. Արշակյանի փոխանցմամբ՝ իրենց բանակը շատ մեծ է՝ «երևի ամբողջ հայ հասարակությունը»: Նրա խոսքով՝ Ա. Աթեշյանն այս քայլով ոչ միայն «պղծեց մեր նահատակների հիշատակը, այլև մեզ ողջ-ողջ թաղեց»:
«Պարոն Աթեշյան, ուզում եք հաճոյանա՞լ Ձեր տերերին, ուրիշ ձևով անեիք, չէ՞ որ Ձեր կապերն այնքան մեծ են, որ Դուք կարող էիք ավելի լավ անել դա: Ի՞նչ իրավունքով եք մեր անունից նման հայտարարություն արել այն պահին, երբ աշխարհը միտված է ճանաչելու եղեռնագործությունը Թուրքիայի կողմից: Սրանով Դուք սրբապղծում եք նահատակների հիշատակը: Չգիտեմ՝ ինչքանով կհաճոյանաք Թուրքիայի նախագահին և ժողովրդին, բայց այնտեղ մարդիկ կգտնվեն, որ կասեն, որ դա խայտառակություն է, նա այս քայլով ապացուցեց, որ 101 տարի անց հայը դեռ վախեցած ապրում է»,- հայտարարեց Գ. Արշակյանը:
Նրա խոսքով՝ նպատակն է, որպեսզի կարգալույծ արվի «այդ հոգևորականը», նա «չի կարող լինել հայոց հոգևոր առաջնորդ». «Մենք ձվերը արևի տակ ենք դրել, փչացած լոլիկներ էլ ունենք, ա՛յ դրանցով պետք է դիմավորենք, ես զարմանում եմ այդ մարդու համարձակության վրա, ինչպե՞ս է համարձակվում գալ»: Նա նշեց, որ, եթե իրենց չհաջողվի տեսնել Արամ Աթեշյանին, «Մայր Աթոռը նրան թաքցնի», իրենք լոլիկներն ու ձվերը կնետեն Մայր Աթոռի ուղղությամբ:
Նա նշեց, որ եթե Հռոմի պապն այդ ժամանակ այնտեղ լինի, իրենք այդ քայլին չեն գնա, որովհետև դա կարող է երկիմաստ դիտվել:
Գ. Արշակյանը նաև հայտնեց, որ իրենք նամակներ են ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին, ինչպես նաև նամակով դիմել են Ֆրանցիսկոս Պապին, որ իր կարծիքն արտահայտի. «Սա չի մարսվում ոչ միայն հայերիս կողմից, այլև համայն մարդկության կողմից»:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն էլ հայտնեց, որ այսօր առավոտյան ինքը ստացել է ՀՀ Ազգային ժողովի 30-ից ավելի պատգամավորների ստորագրությամբ այն գրությունը, որ պատգամավորները դեմ են, որ Արամ Աթեշյանը գա Հայաստան: Նա ասաց, որ խոստացել է, որ չի հրապարակելու ստորագրողների անունները:
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք ՀՀԿ խմբակցությունից է՞լ են ստորագրել այդ գրության տակ, Ս. Հացպանյանն ասաց, որ զարմանալիորեն՝ մեծ մասը հենց ՀՀԿ-ից են:
Մանրամասները՝ տեսանյութում: