Բրյուսելի մետրոյի 6 կայարանների մուտքը փակված է ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Ահաբեկչության սպառնալիքի պատճառով Բրյուսելում փակվել է մետրոյի վեց կայարանների մուտքը: Այս մասին այսօր հայտնել է RTBF հեռուստաալիքը:
«Ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ հունիսի 19-ից փակ է մետրոյի կենտրոնական վեց կայարանների մուտքերի մի մասը: Տրանսպորտը շարունակում է աշխատել առանց ընդհատումների»,-նշել է հեռուստաալիքը:
Անցած հանգստյան օրերին ոստիկանությունն անցկացրել է համազգային հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում խուզարկություններ են կատարվել 40 բնակելի շենքերում եւ 182 ավտոտնակներում: Գործողության ընթացքում երկրի ներսում 12 մարդու են բռնել ահաբեկչական գործողություններ պատրաստելու կասկածանքով: Նրանցից իննին կալանքի տակ են վերցրել, իսկ երեք հոգի ազատ է արձակվել, ենթադրվում Է, որ նրանք գործով կանցնեն որպես վկաներ:
Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դատախազության ներկայացուցիչը, գործողության ընթացքում ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել ոստիկանությանը: Խուզարկությունների արդյունքում զենք ու պայթանյութ չի հայտնաբերվել:
Դատախազությունում ճշտել են, որ երեք ձերբակալվածներից երկուսը՝ Մուստաֆա Բենհաթալը՝ ծնված 1976 թվականին, եւ Ջավադ Բենհաթալը՝ ծնված 1987 թվականին, մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչական գործողություններ իրականացրած Բաքրաուի եղբայրների համապատասխանաբ հորեղբայրն ու զարմիկն են: Եվս մեկ ձերբակալվածի՝ 1989 թվականին ծնված Սամիր Ս-ի անձն առայժմ չի բացահայտվում: Միեւնույն ժամանակ դատախազությունը ճշտել է, որ բոլոր կասկածյալները Բելգիայի քաղաքացիներ են: