Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույցներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հունիսի 20-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը երկրորդն է Արցախում ապիրլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախքան եռակողմ հանդիպումն ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպմանն իր մասնակցության մասին հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք հույս ունենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ-ի միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին պայմանավորվածության արդյունքները և կվերսկսեն համակողմանի խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- նշել է նա: Ակնկալվում է նաև Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող համանախագահների մասնակցությունը: