Բաժիններ՝

Կարելիայում խեղդված երեխաների մարմինները տեղափոխվել են Մոսկվա

Մոսկվայում վայրէջք է կատարել ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը, որը տեղափոխել է Կարելիայի Սյամոզերո լճում փոթորկի ժամանակ խեղդված երեխաների մարմինները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարմիններն արդեն ուղարկվել են փորձաքննության: Հաղորդագրություններում չի նշվում, թե քանի մարմին է տեղափոխվել Մոսկվա:

Ավելի վաղ հրապարակվել էին խեղդված 14 երեխաների անունները: Երեխաների տարիքը տատանվում է 12-13-ի սահմաններում, նրանց թվում կա 11 տղա և 3 աղջիկ:
Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը ավելի վաղ հայտնել էր, թե հայտնաբերվել է միայն 13 մարմին, 14-րդ երեխայի որոնումները շարունակվում են: Քննչական մարմինները հայտարարում էին բոլոր՝ 14 մարմինների հայտնաբերման մասին:

ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով՝ հետաքննության շրջանակում ձերբակալվել է 5 մարդ:

Հետաքննությունը պարզել է, որ մանկական առողջարանային ճամբարի սաները երեք նավակով գնացել են լճի վրա զբոսնելու, սակայն փոթորկի մեջ են ընկել: 3 նավակում գտնվել է 47 երեխա և 4 մեծահասակ ինստրուկտոր: 2 նավակները փոթորկի հետևանքով շրջվել են: Փրկվել են այն երեխաները, որոնք ունեցել են փրկարարական ժիլետ:

Հայտնի է, որ նավակներում գտնվել են 12-17 տարեկան դեռահասներ, հիմնականում՝ Մոսկվայից, որոնք Կարելիայում անցկացրել են իրենց ամառային արձակուրդները:
Այսօր Կարելիայում սգո օր է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս