Կլոր-սեղան քննարկում`մարզային պատասխանատուների մասնակցությամբ

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների, ոլորտի մարզային պատասխանատուների, ինչպես նաև մարզային բուժհաստատությունների բժիշկների մասնակցությամբ կայացավ «Առողջապահական չափորոշիչների իրականացման հետ կապված խնդիրներ և իրավիճակի բարելավման հնարավորություններ» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպվել էր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից:

Վերջին 8 տարվա ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստանը» Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարբերաբար կազմակերպել է համայնքների բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների հանդիպումներ, որոնց ընթացքում վերհանվել են մոր և մանկան առողջապահական ծառայություններին առնչվող խնդիրները:

Դրանցից շատերը լուծվել են ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, իսկ ազգային մակարդակում լուծում ենթադրող խնդիրների քննարկման համար մարզեր են հրավիրվել առողջապահության նախարարության համապատասխան ոլորտների պատասխանատուները:

«Վերջին տարիների արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ բոլոր մարզերում միանման խնդիրներ են վերհանվում: Ուստի, նպատակահարմար գտանք կազմակերպել մեկ ընդհանուր կլոր-սեղան քննարկում Երևանում` բոլոր 6 մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Առողջապահության ոլորտի պատասխանատուները մարզերի ներկայացուցիչների հետ կքննարկեն առողջապահական չափորոշիչների իրականացման խնդիրները և միասին կփորձեն գտնել դրանց հնարավոր լուծումները», – իր ողջույնի խոսքում նշեց «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ շեշտեց. «Սա եզակի հնարավորություն է հասկանալու, թե մարզերում ինչ խնդիրներ կան, ինչ հարցերի են բախվում, որոնք մենք երբեմն հեռվից ավելի վատ ենք տեսնում: Շնորհակալություն եմ հայտնում «Վորլդ Վիժնին», որը ստեղծում է այսպիսի մեխանիզմներ մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված մեր ծրագրերը տեղ հասցնելու, ավելի լավ իրականացնելու համար»:

Շուրջ երեք ժամ տևած քննարկման ժամանակ վերլուծվեցին ՀՀ մարզերում մանկական նեղ մասնագետների, ուղեգրման գործընթացի, պետպատվերի շրջանակներում դեղերի տրամադրման, լաբորատոր գործիքային հետազոտությունների, մանկական սկրինինգների, ծնողական կրթության կենտրոնների, գործավարության վերաբերյալ խնդիրները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները բարձրացված հարցերին տվեցին պարզաբանումներ, ինչպես նաև լսեցին մասնակիցների առաջարկները` ուղղված ոլորտի բարելավմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Վորլդ Վիժն Հայաստանը» կամփոփի առաջարկները և կներկայացնի առողջապահության նախարարություն` հետագա բարելավման քայլեր իրականացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս