Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք եռակողմ հանդիպումն արդյունավետ կլինի
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հույս հայտնելով, թե հանդիպումն արդյունավետ ընթացք կունենա:
«Սարգսյանի և Ալիևի` այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման ջանքերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի համար»,- նշել է Ուորլիքը՝ օգտագործելով #NKpeace հեշթեգը:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն բանակցությունները՝ բազմակողմ խաղաղ համաձայնագրի շուրջ»,- ավելի վաղ հայտարարել էր Ուորլիքը:
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Պուտինը նախ՝ առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ապա հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով:
Եռակողմ հանդիպմանը ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյս Ուորլիքը, ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն և ռուս համանախագահ Իգոր Պոպովը: