Պուտինն այսօր Սարգսյանի և Ալիևի հետ կքննարկի ԼՂ հարցը. TASS

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է TASS-ը:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «ենթադրվում է, որ Պուտինը նախ՝ առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, այնուհետ՝ երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»:

Ուշակովն ընդգծել էր, որ Կրեմլը մտադիր է ձեռնարկել ակտիվ քայլեր, որպեսզի աջակցություն ցուցաբերի կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու հարցում:
«Բնականաբար, մեր կողմից ձեռնարկվելու է ակտիվ փորձ՝ օժանդակել կողմերին հակամարտության կարգավորման հարցում: Մենք արդեն խաղացել ենք, կասեի անգամ, որ վճռորոշ դեր ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում, որոնք ընթանում էին»,- հավելել է Ուշակովը:

«Ներկայում մենք պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական առաքելությունը, բնականաբար, լիարժեք կերպով համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ և այն սկզբունքների հիման վրա, որոնք շարադրված են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013թթ. համատեղ հայտարարություններում: Մեր կողմը կանցկացնի ամենաշահագրգիռ և ակտիվ բանակցությունները»,- ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդական առաքելությունը ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարությունների հունով, որտեղ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման անընդունելիության մասին, կոչ է պարունակվում՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ վիճելի հարցերը լուծել ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիության, պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս