«Թե ինչ ճանապարհներ կփնտրի Արցախի հերոսն իր առաջարկները տեղ հասցնելու համար՝ ժամանակը ցույց կտա». Հայկ Խանումյանը՝ Սամվել Բաբայանի ծրագրերի մասին

Երկու օր առաջ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Հանդիպման և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայկ Խանումյանի հետ:

– Մամուլում տեղեկություն է եղել Ձեր և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման մասին: Ո՞ւմ նախաձեռնությամբ էր, ե՞րբ է կայացել և ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:

– Դեռևս հիվանդանոցում եղած ժամանակ Բրյուսելից ինձ զանգահարել է Բակո Սահակյանը, հայտնել, որ Ստեփանակերտ վերադառնալուն պես կհանդիպենք: Երկու օր առաջ հանդիպել ենք, տեղի ունեցած զրույցը եղել է իմ հետ կապված միջադեպի վերաբերյալ նախագահի հայտարարության շրջանակներում, Բակո Սահակյանը դատապարտել է բռնությունը և հավաստիացրել, որ մեղավորները պատժվելու են:

– ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ձեզ հետ տեղի ունեցածից հետո այեցելել հիվանդանոց՝ տեսակցության: Դրանից հետո վերջինիս հետ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ: Հատկապես Սամվել Բաբայանին ԼՂՀ Պաշտպանության նախարար նշանակելու ձեր պահանջի մասին վերջինիս կոշտ հայտարարություններից հետո՝ ձեր միջև այդ կապակցությամբ որևէ զրույց եղե՞լ է:

– Բաբայանն ինձ այցելել է հիվանդանոցում, դրանից հետո հանդիպում չի եղել տեխնիկական պատճառով: Սամվել Բաբայանն այս պահին Ստեփանակերտում չէ (Երևանում է,-Օ.Հ.):

– Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ ղեկավար նշանակելու պահանջով ակցիա էիք նախաձեռնել Արցախում: Արդյոք այդ պահանջն ուժի մե՞ջ է:

– Մեր հիմնական նպատակը Արցախը գործոն դարձնելն ու հստակ զինատեսակներ գնելու պահանջն առաջ տանելն էր: Այդ ամենի իրագործման ամենակարճ տարբերակը մենք տեսնում էինք Բաբայանի՝ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնին վերադառնալու տեսքով: Այս տարբերակի չիրականանալու պարագայում մենք այլ տարբերակներ կգտնենք նշված նպատակներին հասնելու համար:

– Ձեզ առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննչական խմբի ղեկավարին օրերս բանավոր դժգոհություն էիք հայտնել քննության պասիվության վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ պասիվությունը: Հունիսի 16-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, աշխարհազորային, 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը: Այս ձերբակալությունից հետո և՞ս կարծում եք, որ քրեական գործի նախաքննությունը պասիվ է ընթանում:

– Չեմ պատրաստվում ամեն օր գնահատական տալ նախաքննական գործողություններին: Ընթանում է քննություն, որի ընթացքում ձերբակալվում են անձինք, կատարվում են տարբեր փորձաքննություններ, հարցաքննություններ, և այլն:

– Դուք հայտարարել էիք, որ ճանաչել եք ձեզ առևանգողներից և ծեծի ենթարկողներից մի քանիսին: Դեռևս չե՞ք ցանկանում հրապարակել նրանց անունները:

– Չէի փորձի անել հայտարարություններ, որոնք կխանգարեին քննությանը: Կան անուններ, մեքենայի համարներ, տեսանյութեր: Դրանց հիման վրա կասկածյալների շրջանակը պարզելն արդեն ոստիկանության իրավասության տիրույթում է:

– Սամվել Բաբայանի վերադարձի համար կազմակերպված ստորագրահավաքի, այնուհետև նրա վերադարձը և Ստեփանակերպում նրա մուտքը և ժողովրդի հետ հանդիպման հիմնական կազմակերպիչներից եք: Ձեզ հայտնի՞ են արդյոք նրա ծրագրերը՝ ինչո՞վ է նա հետագայում զբաղվելու:

– Սամվել Բաբայանն արդեն հայտնել է, որ իր առաքելությունը տեսնում է ժողովրդին ծառայելու մեջ: Իհարկե, սա բավականին լայն սահմանում է, որի տակ կարելի է հասկանալ տարբեր գործունեություններ: Մենք վստահ ենք, որ ռազմական ասպարեզում Բաբայանի նկատառումները և խորհուրդները կարող են օգտակար լինել, նամանավանդ նոր սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ նրա առաջարկությունները: Թե ինչ ճանապարհներ կփնտրի Արցախի հերոսն այդ առաջարկները տեղ հասցնելու համար՝ ժամանակը ցույց կտա: Ես կարծում եմ, որ այդ առաջարկների լայն քննարկումները պատկան մարմինների և անձանց մասնակցությամբ նոր լուծումներ ի հայտ կբերի մեր թերացած պաշտպանության խոցելիությունը վերացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս