Աֆղանստանում զինվորականները ազատել են «Թալիբան» շարժման մոտ գերության մեջ գտնվող 9 մարդու
Աֆղանստանում զինվորականները երկրի հարավում անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում ազատել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման մոտ գերության մեջ գտնվող նվազագույնը 9 անձի: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն` հղում կատարելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Գիլմենդ նահանգում ուժայինների անցկացրած հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է 6 գրոհային, ինչպես նաև նրանց տեղակայման կենտրոններից մեկը: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում, թե ազատված գերիները երբ են առևանգվել:
Նախարարությունը նաև տվյալներ է հաղորդել երկրում մի քանի օրվա ընթացքում իրականացված ռազմական օպերացիաների վերաբերյալ, որոնց համաձայն` ուժայինները լիկվիդացրել են նվազագույնը 60 գրոհայինի` ներառյալ Գիլմենդում իրականացված օպերացիայի զոհերը: Աֆղան զինվորականներին հաջողվել է ոչնչացնել նաև «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման երկու գրոհային:
Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը զգալիորեն լարվել է: «Թալիբան» շարժման գրոհայինները, ավելի վաղ վերահսկողություն հաստատելով երկրի գյուղական համայնքների զգալի մասի վրա, սկսել են հարձակումներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: