
Սոցիալական ցանցերի օգտատերերը ծաղրել են Էրդողանին Եվրո-2016-ում Թուրքիայի պարտությունից հետո

Սոցիալական ցանցերում ֆուտբոլային երկրպագուները ծաղրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Եվրո-2016-ի շրջանակներում Թուրքիայի հավաքականի` Իսպանիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո:
Այս մասին հայտնում է` «Ռիա նովոստի»-ն:
Թուրքիան Եվրո-2016-ի շրջանակներում խոշոր՝ 3:0 հաշվով պարտություն է կրել Իսպանիայի հավաքականից, որից հետո սոցիալական ցանցերում ծաղրող մեկնաբանություններ են հայտնվել, սակայն ոչ թե Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստների, այլ այդ երկրի նախագահի հասցեին:
Օգտատերերի կատակները, մասնավորապես, վերաբերվում են կոշտ քայլերին, որ կարող է իրականացնել Էրդողանը իսպանացիների նկատմամբ: «Պարոն Էրդողանը հենց նոր հետ կանչեց Իսպանիայում Թուրքիայի դեսպանին»,- գրել է օգտատերերից մեկը:
Eurosport.de-ի սոցիալական ցանցերի հարցերով մասնագետ Ֆլո Բուգները սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Եվ անմիջապես հայտնվում է Էրդողանը և սկսում է ապտակներ բաժանել»:
Օգտատեր Ֆրենկ Բուշմանին էլ գրել է. «Կարծում եմ` էրդողանը կդատապարտի իսպանացիներին»:
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2016-ի շրջանակներում կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը: Առաջին տուրում Թուրքիան նվազագույն 1:0 հաշվով զիջել էր Խորվաթիայի ազգային թիմին: Թուրքիան 0 միավորով եզրափակում է D խմբի մրցաշարային աղյուսակը: