Բաժիններ՝

Եվրո-2016. Խորվաթիան ձեռքից բաց է թողնում հաղթանակը

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում մրցեցին D խմբում ընդգրկված Չեխիայի և Խորվաթիայի հավաքականները: Խորվաթիան Սենտ Էթյենի «Ժոֆրուա-Գիշար» մարզադաշտում ձեռքից բաց թողեց հաղթանակը և դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էին խորվաթները: Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը 37-րդ րոպեին դիպուկ հարվածով գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը:

Ընդմիջումից հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կրկնապատկեց խորվաթների առավելությունը: 76-րդ րոպեին Չեխիան կրճատեց հաշիվը. փոխարինման դուրս եկած Միլան Շկոդան դարձավ գոլի հեղինակ: 87-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց խորվաթ երկրպագուների տրիբունայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Խորվաթ ֆուտբոլիստները ևս մոտեցան տրիբունային և փորձեցին հանգստացնել իրենց երկրպագուներին, ինչից հետո խաղը շարունակվեց: Հանդիպման ավելացված ժամանակում չեխերը վաստակեցին 11-մետրանոց, ինչն էլ հստակ իրացրեց փոխարինման դուրս եկած Տոմաշ Նեցիդը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում խորվաթները 1:0 հաշվով հաղթել են թուրքերին, չեխերը նույն հաշվով պարտվել են Իսպանիայի թիմին: Օրվա վերջին խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան Թուրքիայի հետ կմրցի Նիցայում:

Եվրո-2016. D խումբ, 2-րդ տուր

Չեխիա – Խորվաթիա՝ 2:2

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս