Պուտինը հանձնվում է. ի՞նչ է անելու Հայաստանը
«Ամերիկան հզոր տերություն է։ Այո: ԱՄՆ-ը այսօր միակ գերտերությունն է աշխարհում։ Մենք դա ընդունում ենք»,- այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ավելացնելով, որ Մոսկվան ցանկանում է և պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ: Այս հայտարարությունը պետք է համարել նվազագույնը՝ սենսացիոն, թեև այն շատ ավելի լուրջ է, քան սովորական սենսացիան: Այս հայտարարությունն այն է, ինչը չասելու համար Պուտինը պայքարում էր իր նախագահության վերջին շրջանում:
Սա Պուտինի խոստովանությունն է` Արևմուտքի հետ պատերազմում պարտության մասին: Վերջին տարիներին Պուտինի նախաձեռնած բոլոր գործընթացները` Ուկրաինայից մինչև Ղրիմի բռնակցում, Սիրիայից մինչև Եվրասիական տնտեսական միություն, ուղղված է եղել աշխարհին ապացուցելու, որ Ռուսաստանը գերտերություն է, առնվազն՝ ԱՄՆ-ին հավասար գերտերություն: Տարիներ շարունակ այդ գաղափարի տարածմանն է ծառայել ողջ ռուսական ու ենթառուսական քարոզչությունը, այդ գաղափարի համար զոհվել են հազարավոր մարդիկ` Ուկրաինայում, Սիրիայում և աշխարհի այլ անկյուններում: Այդ գաղափարի ու դրանից ածանցվող Ռուսական կայսրության վերականգնման, «նովոռուսիայի» գաղափարի կենսագործման համար, ըստ էության, կասկածի տակ է դրվել Ռուսաստանի գոյությունը: Այս գաղափարի կենսունակության համար Ռուսաստանն իրեն է «կցել» հետխորհրդային բոլոր այն երկրներին, որոնք կարողացել է: Այդ թվում, առաջին հերթին ու ամենամեծ չափով` Հայաստանին: «Կցել» է` իր խորտակման դեպքում իր հետ կործանելու նպատակով:
Ու հիմա Պուտինը գործնականում ընդունում է իր այս պատմական ավանտյուրայում կրած պարտությունը, որի հետևանքները կործանարար կարող են լինել ոչ միայն՝ Ռուսաստանի, այլև՝ ռուսական ազդեցության ողջ գոտու, այդ թվում՝ Հայաստանի համար: Ինչպիսին կլինեն այդ հետևանքները, մեծապես կախված է Արևմուտքի, նույն ԱՄՆ-ի դիրքորոշումից ու վերաբերմունքից: Դրանից է կախված` կկործանվի՞ Ռուսաստանը, թե՞ կպահպանվի` արդեն որպես սովորական, ոչ գերտերություն:
Այս պայմաններում Ռուսաստանի ազդեցության տակ հայտնված երկրները, այդ թվում՝ Հայաստանը, երկու տարբերակ ունեն: Կամ անտարբեր ու պասիվ շարունակել սպասել Ռուսաստանի ճակատագրին, կամ նախաձեռնողականություն ցուցաբերել` Ռուսաստանի փլատակների տակ չհայտնվելու համար:
Ի՞նչ է անելու Հայաստանը: