«Ամերիկան գերտերություն է, և մենք դա ընդունում ենք». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ն անվանել է այս պահին միակ գերտերությունն աշխարհում: Նման հայտարարություն ՌԴ նախագահն արել է այսօր՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում, հայտնում է Lenta.ru-ն:
«Ամերիկան մեծ տերություն է։ Այսօր, հավանաբար, միակ գերտերությունը։ Մենք դա ընդունում ենք»,- հայտարարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ Մոսկվան ցանկանում է և պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ, սակայն Վաշինգտոնին նախազգուշացրել է՝ չմիջամտել Ռուսաստանի ներքին գործերին:
«Աշխարհին անհրաժեշտ է այնպիսի հզոր երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մեզ էլ է անհրաժեշտ, սակայն մեզ հարկավոր չէ, որ նրանք մշտապես միջամտեն մեր գործերին, մատնանշեն, թե ինչպես ապրենք, խանգարեն Եվրոպային՝ մեզ հետ հարաբերություններ կառուցել»,- ասել է Պուտինը: