Քեմերոնը և Բրիտանիայի ընդդիմության ղեկավարը ժամանել են պատգամավոր Քոքսի սպանության վայր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը եւ խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն ժամանել են Լիդսի մերձակա Բյորսթոլ բնակավայր (Ուեստ Յորքշիրի կոմսություն)՝ միասին հարգելու հունիսի 16-ին այնտեղ սպանված լեյբորիստ պատգամավոր Ջո Քոքսի հիշատակը:
Ամբողջ երկրում այսօր անցկացվում են հիշատակի միջոցառումներ: Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ ծաղիկների սար է բարձրանում, որոնք բերում են Քոքսի գործընկերներն ու բրիտանացի քաղաքացիներ, որոնք անձամբ չեն ճանաչում Քոքսին, բայց ցնցված են նրա մահից:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորի սպանությունը դարձել է առաջինը 1990 թվականից ի վեր եւ առաջին անգամ է բռնության զոհ դարձել կին: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ Քոքսի վրա հարձակվել Է ոմն 52-ամյա Թոմաս Մայր: «Բրիտանիան ամենից վեր» բացականչություններով, ինչպես պնդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, նա սկսել է ծեծել կնոջը եւ հարվածներ հասցնել դանակով, այնուհետեւ, նրան գետին տապալելով, դիմահար կրակել է երեք անգամ:
Երկու երեխաների մայր 41-ամյա Քոքսն ստացած վերքերից մի քանի ժամ անց մահացել է Լիդսի հիվանդանոցում: Սկսվել է հետաքնննություն, հարձակվողը ձերբակալված է, նրա գործողությունների դրդապատճառները պարզվում են:
«Ջոն զոհվեց՝ կատարելով իր պարտականությունները՝ լսելով եւ ներկայացնելով այն մարդկանց շահերը, որոնց համար նա ընտրվել Էր ծառայելու: Մոտ օրերս պետք է պատասխան տրվի այն հարցերին, թե նա ինչպես եւ ինչու մահացավ»,- ասել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը:
Իր հերթին, Բուքինհեմի պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին իրազեկվել է այս աղմկահարույց սպանության մասին՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորության միապետը նամակ կգրի մասնավոր կարգով՝ հասցեագրված Բրենդան Քոքսին:
Պատգամավորը հայտնի էր որպես Սիրիայում քաղաքացիական պատերազմի զոհերի պաշտպանության ակտիվ կողմնակից, անցյալ տարվա աշնանը նա քվեարկել է արեւմտյան կոալիցիային Մեծ Բրիտանիայի միանալու դեմ, կոալիցիա, որը դիմակայում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Քոքսը մտնում էր այն լեյբորիստների թեւի մեջ, որոնք հանդես են գալիս 28 պետությունների հանրակցությանը երկրի անդամակցության ճակատագրի հարցի շուրջը հանրաքվեի արդյունքներով Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության մնալու օգտին:
Պատգամավորի սպանության կապակցությամբ Եվրամիությունում երկրի ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներն ու հակառակորդները որոշում են ընդունել դադարեցնել քարոզչական արշավները հանրահարցման նախաշեմին, որը նախատեսված է հունիսի 23-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: