«Համախմբումը» իշխանություն վերցնելու հայտ է ներկայացնում». Օսկանյան
«Ես եկել եմ Հայաստան՝ հույսով, հավատով և երազանքով, 25 տարի անց, հակառակ իմ կյանքում տեղի ունեցած վայրիվերումներին, ես հավատում եմ ապագային»,- այսօր «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Նշելով, որ որպես անձ՝ թերություններ ունի, Օսկանյանը վստահեցրեց, թե անձնվեր պետական աշխատող է և հայրենասեր. «Ի տարբերություն այլոց` ես գումարներ չեմ աշխատել հայրենիքում, հակառակը, իմ կապերը ներդրել եմ գումարներ բերելու»: Նա նշեց, որ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: «Ես լավ հայաստանցի եմ, ես լավ ղարաբաղցի եմ, լավ հալեպցի եմ»,- ոգևորված հայտարարեց Օսկանյանն ու արժանացավ բուռն ծափահարությունների:
Ըստ նրա` հայաստանյան ներկայիս իրականությունը վատ կառավարման, տեսլականի ու կամքի բացակայության արդյունք է, բայց ինքը հավատում է, որ այդ ամենը կարելի է արագ փոխել, և այդ պատճառով է, որ ստեղծել են «Համախմբում» կուսակցությունը, որը բաց, թափանցիկ է, և որում կներգրավեն բոլորին` երիտասարդներին ու կանանց:
Կուսակցության ստեղծման պահն Օսկանյանն անվանեց ճակատագրական, երբ պատերազմը Հայաստանի գլխին կախված է, արտագաղթը չի դադարում, իսկ ժողովուրդը շատ բան չի ուզում` ընդամենը իր հասանելիքը` ապահովություն, անվտանգություն: Օսկանյանի խոսքով` երկրում չկա հանդուրժողականություն, արդարություն, նաև խոսքի ազատություն: Նա նշեց, թե կարող ենք ձևացնել, թե ունենք ազատություն, ժողովրդավարություն, ազատ տնտեսություն, բայց իրականությունն այդպես չէ, և ձևացնելը շատ ավելի վտանգավոր է:
««Համախմբումը» հայտ է ներկայացնում իշխանություն վեցնելու»,- ասաց Օսկանյանը:
Լրագրողների հետ զրույցում նա կրկին հայտարարեց, թե կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի, ինչի մասին բազմիցս հայտարարել են: Սամվել Բաբայանի` «Համախմբումին» անդամակցության վերաբերյալ Օսկանյանը նշեց, որ, եթե Բաբայանը նման ցանկություն հայտնի, կանդրադառնան դրան. «Անդամակցության խնդիր չի դրվել, բաց է բոլորի համար, ով կցանկանա, բաց է, ինքնապատակ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: