Բաժիններ՝

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ձերբակալված կա

Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Հիշյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ին, Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին: Վերջիններս կալանավորված են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս