![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ Պետդեպի աշխատակիցներն Օբամային առաջարկել են գրոհել Ասադի զորքերի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/4271840.jpg)
ԱՄՆ Պետդեպարտաﬔնտի աշխատակիցները նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ նրան խորհուրդ են տվել ռազմական գործողություն սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ և պետական հեղաշրջում իրականացնել մերձավոր արևելյան այդ երկրում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Պետդեպի տասնյակ աշխատակիցներ այս շաբաթ բողոք էին հայտնել Սիրիայում ԱՄՆ քաղաքականության դեմ, նրանք ներքին փաստաթուղթ են ստորագրել, դրանում պարունակվում են կոչեր՝ նպատակաուղղված ռազմական հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարությանը և ասվում է, որ ռեժիմի փոփոխությունը ԴԱԻՇ-ին հաղթելու միակ եղանակն է»,- գրում է թերթը:
Նշվում է, որ կոնֆիդենցիալ ուղերձի պատճենը գտնվում է լրագրողների տրամադրության ներքո: Նմանատիպ պնդմամբ հանդես է եկել նաև The New York Times թերթը:
Այդ պարբերականների աղբյուրների տվյալով՝ փաստաթղթի տակ ստորագրել է ԱՄՆ արտաքին գերատեսչության 51 աշխատակից, ում գործունեությունը հիմնականում առնչվում է Սիրիային: Նրանց թվում կան նաև բարձր պաշտոններ զբաղեցնողներ:
Իրենց խորհուրդը նրանք հիմնավորում են նրանով, որ Բաշար Ասադը խախտում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը գործում է Սիրիայի որոշ շրջաններում:
Ինչպես նշում է The New York Times-ը, «51 ստորագրությունը շատ է, եթե չասենք՝ աննախադեպ»: The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ «Օբամայի ադմինիստրացիայի ներկայացուցիչները մտավախություն են հայտնել, որ Ասադի ռեժիմի նկատմամբ հարձակումները կարող են հակամարտություն առաջացնել Ռուսաստանի և Իրանի հետ»:
Ինչպես գրում է The New York Times-ը, նամակում առաջարկվում է Սիրիայի կառավարական ուժերին հարվածներ հասցնել երկնքից, սակայն փաստաթղթի հեղինակները «խոստովանում են, որ ռազմական գործողությունները կարող են ռիսկեր պարունակել», մասնավորապես «կարող են Ռուսաստանի հետ խնդիրներ առաջացնել»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների նամակի մասին հարցը, սակայն չի հերքել այն ուղարկելու մասին լուրը: