«Ասադի ռեժիմի վերացումը տարածաշրջանը կներքաշի լիակատար քաոսի մեջ». Կրեմլ
Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի վերացումը կարող է տարածաշրջանը ներքաշել լիակատար քաոսի մեջ եւ չի օգնի ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բարաք Օբամային ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ա շխատակիցների հղած նամակի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվությունը:
«Ամեն դեպքում ուրիշ երկրում իշխանության բռնի տապալման կոչերը հազիվ թե ընդունելի լինեն Մոսկվայում: Բացի այդ, այս կամ այն ռեժիմի վերացումը դժվար թե այն է, ինչը կնպաստի ահաբեկչության դեմ պայքարի հաջող ծավալմանը: Դա կարող է տարածաշրանը ներքաշել լիակատար քաոսի մեջ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աշխատակիցները նամակ են ուղարկել նախագահ Բարաք Օբամային, որում նրան առաջարկել են ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի կառավարական ուժերի դեմ եւ պետական հեղաշրջման հասնել մերձավորարեւելյան այդ երկրում:
«Պետդեպի տասնյակ աշխատակիցներ այս շաբաթ բողոք են հայտնել Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության դեմ, նրանք ստորագրել են ներքին փաստաթուղթ, որը կոչ է բովանդակում՝ ուղղորդված ռազմական հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարությանը: Դրանում ասված է, որ ռեժիմի փոխարինումը «Իսլամական պետությանը» հաղթելու միակ միջոցն է»,- գրում է The Wall Street Journal ամերիկյան թերթի էլեկտրոնային տարբերակը:
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ փաստաթուղթն ստորագրել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության 51 աշխատակիցներ, այդ թվում՝ հանգուցային պաշտոններ զբաղեցնող չինովնիկներ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդունել է նման հուշագրի ստանալու փաստը, բայց հրաժարվել է մեկնաբանել դրա բովանդակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: