Օսկանյանն ընտրվեց «Համախմբում»-ի նախագահ

«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում այսօր կուսակցության նախագահ ընտրվեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նախաձեռնող խմբի անդամ Էլինար Վարդանյանը հարկ չհամարեց նույնիսկ հարցնել` կա՞ն արդյոք այլ թեկածուներ: Հարցը միանգամից դրվեց քվեարկության, և ներկաները միաձայն կողմ քվեարկեցին:

Այնուհետև կրկին միաձայն կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը: Կուսակցության խորհրդի համակարգող ընտրվեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամ են նաև պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը, Գեղամ Նազարյանը, Նինա Մարգարյանը, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, գործարար Վարդան Թովմասյանը, քաղաքական մեկնաբան, արևելագետ Արտակ Բշտիկյանը, լրագրող Արեգնազ Մանուկյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս