Գեղհովիտում հողաշեն տնակի փլվածքի հետևանքով 90-ամյա կինը մահացել է
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Նշխարք ամառային արոտավայրում առատ անձրեւներից փլվել է նույն գյուղի բնակիչ,90-ամյա Արգամ Ավագյանի հողաշեն ու հողածածկ տնակը, ինչի հետեւանքով զոհվել է նրա կինը՝ 1926 թվականին ծնված Անահիտ Ավագյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, հունիսի 16-ի ժամը 22.45-ի սահմաններում, առատ անձրեւների հետեւանքով, կոտրվել է հողածածկ առաստաղի գերաններից մեկը եւ ընկել անկողնում պառկած Անահիտ Ավագյանի վրա: Փլված առաստաղի հետ նաեւ հաստ շերտով հող է թափվել անկողնուն:
«Նույն պահին տնակում են գտնվել նաեւ Անահիտի ամուսինը՝ Արգամ Ավագյանը եւ նրանց որդի Գեւորգը: Հողի ծանրությունից փլվել է միայն այն հատվածը, որի տակ անկողնում պառկած է եղել Անահիտը, իսկ հայրն ու որդին, բարեբախտաբար, անվնաս են մնացել: Հողաշեն այդ տնակը կառուցված է ավելի քան 60 տարի առաջ, եւ ծածկի փտած գերանը չի դիմացել թաց հողի ծանրությանը: Մինչեւ փրկարարների ու շտապօգնության ժամանումը՝ Անահիտն արդեն մահացած է եղել: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ եւ ամռան ընթացքում անասունները տեղափոխում Նշխարք կոչվող արոտավայր՝ տարվա կեսն այնտեղ բնակվելով: Չնայած պատկառելի տարիքին՝ Անահիտը եռանդով էր ու առողջ այնքան, որ անասուններ էր խնամում իրեն տարեկից ամուսնու հետ»,-նշեց համայնքի ղեկավարը: Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանը եւս «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց, որ շտապօգնության մեքենան տեղափոխել է Անահիտ Ավագյանին արդեն մահացած: «Բուժական միջամտություն շտապօգնությունը չի հասցրել կատարել, տուժածն արդեն մահացած է եղել»- ասաց տնօրենը:
Խոսրով Խլղաթյան