Բաժիններ՝

Ադրբեջանցի նախարարը` «Ֆորմուլա-1»-ի համար Ալոնսոյին 2 մլն դոլար տալու մասին

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը խոսել է այսօր Բաքվում սկսված «Ֆորմուլա-1» մրցարշավի անցկացման վրա կատարված ծախսերի մասին:

virtualaz.org կայքի փոխանցմամբ՝, Ռահիմովն անդրադարձել է նաեւ Իսպանիայի Marca հրատարակության կողմից այն պնդմանը, որ «Ֆորմուլա-1» մրցարշավը Բաքվում անցկացվելու համար Ադրբեջանը 80 մլն դոլար է վճարել, իսկ լեգենդար մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոին` 2 մլն դոլար, որպեսզի նա հանդես գա որպես մրցումների պաշտոնական դեսպան:

«Բազմիցս հայտնել եմ, որ մրցարշավի երթուղու ասֆալտի ծածկույթը փոխելու վրա ծախսվել է 12 մլն մանաթ: «Ազադլըգ» հրապարակում մրցարշավի համար շենք գնելու վրա` 20 մլն մանաթ: Քաղաքում հատուկ շինություններ են կառուցվել, այլ աշխատանքներ են կատարավել: Ալոնսոյին այդքան փող ոչ ոք չի տվել: Սակայն, ընդհանուր առմամբ, պետությունն ու բոլոր հովանավորները 100 մլն մանաթ փող են ծախսել», -ասել է նա:

Ադրբեջանում Եվրոպայի Գրան Պրի «Ֆորմուլա-1» մրցարշավները իրար հետեւից պետք է անցկացվեն 5 տարի շարունակ: Հակառակ դեպքում` Ադրբեջանը հարկադրված կլինի 100 մլն դոլար տուգանք վճարել:

Ադրբեջանցի նախարարը հույս է հայտնել, որ մրցարշավի վրա կատարված ծախսերը մասնակիորեն հնարավոր կլինի փոխահատուցել մրցումների շրջանում Բաքու այցելող զբոսաշրջիկների հաշվին: Նա նշել է, որ արդեն 2 մլն մանաթի տոմսեր են վաճառվել:

Նշենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները գտնում են, որ պետության փողերը պետք է ծախսել ոչ թե նման մրցումների, այլ տնտեսական բարեփոխումների եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծման վրա:

Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցարշավը Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու Իլհամ Ալիեւի վարչակարգի հերթական ձախողված նախագիծն է: Այն ներկայացվում է որպես մի նախագիծ, որը պետք է բարձրացնի երկրի եւ նրա մայրաքաղաքի հեղինակությունը, ինչպես նաեւ խթանի արտասահմանյան զբոսաշրջիկների ներհոսքը: Սակայն, Եվրատեսիլ-2012 եւ Առաջին (եւ վերջին) Եվրոպական խաղերի վրա բազմամիլիոն եւ անգամ միլիարդավոր ծախսերն այդպես էլ չեն բերել Ադրբեջանի նկատմամբ արտասահմանյան տուրիստների աճին:

Կայքը համոզմունք է հայտնել, որ «Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է Ալիեւի ռեժիմի վոլյունտարիզմի խորհրդանիշը:

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» Եվրոպայի Գրան Պրի մրցարշավը մեկնաբանելու մեկնած լրագրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությանը:

Հավելենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Ֆորմուլա-1»-ը Բաքվում անցկացնելու համար Ադրբեջանը միջազգային կառույցին 50 մլն դոլար է վճարել, իսկ խաղերի անցկացման վրա, փորձագետների կարծիքով, ընդհանուր ծախսերը կազմել են 150 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս