
Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որը կայանալու է հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում:
Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ մայիսի 16-ին կայացած Վիեննայի հանդիպումը կտա իր պտուղները:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն բանակցությունները՝ բազմակողմ խաղաղ համաձայնագրի շուրջ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախ՝ առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, ապա հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով: