Իվետա Մուկուչյանը հունական հաղորդման ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ ճիշտ չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Հաղորդավարը երգչուհուն հարց է տվել Լեռնային Ղարաբաղ մասին, որին ի պատասխան Իվետա Մուկուչյանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է:
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ քննարկումներ են ընթանում, թե այն ում է պատկանում՝ ադրբեջանցիներն ասում են, որ դա իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»,- ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, որոնք մերթընդմերթ ընդհատվում են:
Երգչուհու կցկտուր խոսքերից ակնհայտորեն երևում է, որ նա պատրաստ չի եղել պատասխանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին ու շփոթվում է՝ փորձելով ներկայացնել ԼՂ հակամարտության պատմությունը:
Հաղորդման սկզբում Իվետան պատմել է նաև իր ընտանիքի մասին, պատմել Մկրտիչ Արզումանյանի «Փախի´ր կամ ամուսնացի´ր» ֆիլմում նկարահանումների մասին: Երգչուհին գնահատանքի բարձր խոսքեր է հղել նաև Մկրտիչ Արզումանյանի հասցեին:
Տեսանյութում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածն սկսվում է 16:15 րոպեից: