«Գուցե Սանկտ Պետերբուրգում հանդիպմամբ հող նախապատրաստվի լուրջ բանակցությունների համար». գերմանացի վերլուծաբան

«Սանկտ Պետերբուրգում հանդիպումը համաձայնեցված է ԵԱՀԿ արևմտյան համանախագահների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով նախագահական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Պուտինը կընդունի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին առանձին-առանձին, որից հետո նախագահական գագաթաժողով կկայանա:

Նա նաև ասել էր, թե ռուսական կողմն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Սակայն այս հայտարարությունից հետո եղավ ԵԱՀԿ Մամուլի հետ կապերի վարչության ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգի հանդիպման նախապատրաստական աշխատանքներին: Ըստ ամենայնի, ՄԽ արևմտյան համանախագահները ևս ներկա չեն լինի հանդիպմանը: Ալեքսանդր Ռարը դրական գնահատեց նախագահների հանդիպելու պատրաստակամությունը: Ըստ նրա` կարևոր է, որ նրանք հանդիպում են, կարևոր չէ` որտեղ: Ռարի խոսքով` եթե միջնորդներից որևէ մեկին հաջողվում է հանդիպում կազմակերպել, դա գովելի է:

Գերմանացի վերլուծաբանի ենթադրություններով՝ հանդիպման փաստը քննարկվել ու համաձայնեցվել է համանախագահող երկրների հետ, իսկ կազմակերպչական աշխատանքները վստահվել են հյուրընկալող կողմին: «Դատելով Պոպովի հարցազրույցից` կարելի է ասել, որ ակնկալիքն այն է, որ կողմերն առաջիկա հանդիպմանը կքննարկեն անվտանգության ամրապնդման մեխանիզմների ներդրման հարցը, ըստ էության ամրապնդելով Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունները: Իմ համոզմամբ` դեռ փաստաթուղթ պատրաստելու մասին վաղ է խոսել: Հերթական հանդիպմամբ գուցե հող նախապատրաստվի լուրջ բանակցությունների համար»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս