Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հարցին. Բաքվում Իրանի դեսպան
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինն այսօր անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատություններին՝ կապված Հայաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցի, ինչպես նաև Իրանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ արված քայլերի հետ:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Միլի մեջլիսում ադրբեջանա-իրանական հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել, բացառությամբ երեք պատգամավորի քննադատությունների:
Մոհսեն Փակ Այինն ասել է, որ չի կարծում, թե Իրանը երկակի մոտեցում է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ: «Երկար տարիներ Իրանի դիրքորոշումը հակամարտության հանդեպ եղել է անփոփոխ: Մենք չենք ցանկանում պատերազմի վերսկսում տարածաշրջանում, քանի որ դա չի բխում տարածաշրջանի շահերից:
Իսրայելական ռեժիմն օկուպացրել է Պաղեստինի տարածքները, ճնշումների է ենթարկում բնակչությանը: Պաղեստինի և Լեռնային Ղարաբաղի հարցերն ամբողջությամբ տարբերվում են: Մենք կարծում ենք, որ իսրայելական ռեժիմը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար, այդ պատճառով այդ ռեժիմը պետք է փոխվի, իսկ Պաղեստինի ժողովուրդը՝ տեր կանգնի իր հողերին:
Այսօր Գազայի բնակչությունը բլոկադայի մեջ է: Իսրայելական ռեժիմը խոչընդոտում է նրանց պարեն և դեղամիջոցներ մատակարարելուն: Հորդանան գետի արևմտյան ափի բնակչությունը նույնպես բախվում է Իսրայելի ճնշմանը:
Կարծում եմ՝ ճիշտ չէ այս հակամարտությունները համեմատելը:
Մենք անհանգստացած ենք մուսուլման կանանց և երեխաների սպանությունների փաստից աշխարհի որ կետում էլ դրանք լինեն, փորձում ենք կանխել այդ դեպքերը:
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նման չէ պաղեստինյան հարցին: Այնտեղ Իսրայելի կատարած ջարդն ու կտտանքներն անհամեմատելի են Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի հետ:
Այլ հարց է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար երկրների ղեկավարները բանակցում են, և մենք հուսով ենք, որ այդ բանակցություններն օգուտ կբերեն: Պաղեստինյան հարցի լուծումը մենք չենք տեսնում խաղաղ ճանապարհով, չենք հավատում դրան»,- ասել է դեսպանը: