Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին
ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ Սարո Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սարո Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը ձերբակալվել էին հունիսի 13-ին: Վերջին երկուսին երեք մեղադրանք էր առաջադրվել, նրանց նկատմամբ ևս խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: