Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նրա խոսքով՝ գործող Քաղաքացիական օրենսգիրքն ընդունման պահին համակարգված, համապարփակ, միասնական օրենսդրական ակտ էր, որը կարգավորում էր լայն բնույթի հարաբերություններ, բայց այն զերծ չէր մի շարք թերություններից: «Այդ թերությունների մի մասն առկա էին հենց ընդունման պահին, մյուսներն էլ ի հայտ եկան դրա գործնական կիրառության ընթացքում:
Օրինակ՝ արագացված դատաքննությունը, որն ի սկզբանե լայն տարածում չստացավ, ինչպես նաև՝ իրենց ոչ արդյունավետ կիրառությունն ապացուցեցին դատական ծախսերի և դատական ծանուցումների ընթացակարգերը: Օրենսգրքում 15 տարվա կիրառության ընթացքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Այդ փոփոխությունների մի ստվար հատվածը, անկասկած, ողջամիտ և առաջադիմական բնույթի էր, սակայն միևնույն ժամանակ՝ չեմ կարող չնշել, որ, այդուհանդերձ, այդ փոփոխությունների մեծ մասը կատարվել էր առանց հայեցակարգային մշակման և նաև գիտական հիմնավորման, և փոփոխություններն ու լրացումներն էլ շատ հաճախ հատվածային կամ դրվագային բնույթ են կրել՝ ընդհանրապես համակարգային կապի մեջ գտնվող իրավական ակտերի մի շարք պահանջներ հաշվի չառնելով հանդերձ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծի ներկայացումը պայմանավորված էր նաև սահմանադրական փոփոխություններով:
Ներկայացնելով մի քանի փոփոխություններ՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի առաջնային ուղղվածություններից մեկը նախնական դատական նիստի նշանակության բարձրացումն է.
«Սա նշանակում է՝ օրենսդրորեն հստակ սահմանել դատարանի լիազորությունները և այդ լիազորությունների իրականացման հաջորդականությունը՝ հնարավորություն չընձեռելով կամայականության լայնածավալ դրսևորումների: Նախնական դատական դատական նիստի ընթացքում հիմնական խնդիրը պետք է լինի ապացուցման բեռի բաշխումը և ապացույցների հավաքումը: Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ապացուցման պարտականության բաշխումը պիտի կատարվի առանձին իրավական ակտի ձևով, իսկ սա նշանակում է՝ այս պահին այդ ոլորտում, այդ հարցում առկա խորը կոռուպցիոն ռիսկերի նվազում:
Դատաքննության փուլում ևս հստակեցում է կատարվել դատավարական գործողությունների հաջորդականության ընթացքում՝ նվազագույնի հասցնելով դատարանի հայեցողությունը՝ վերսկսել դատական նիստը: Հստակ սահմանվել է, թե որ դեպքում առաջին ատյանն իրավունք ունի վերսկսել դատական նիստը, այն է՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակը: Սա ևս չափազանց կարևոր նշանակություն ունի՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Դատական նիստերի հետաձգման հիմքերը սպառիչ սահմանվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ սա նշանակում է՝ այն բազմաթիվ դժգոհությունները, որոնք առկա էին դատական նիստերի անհարկի հետաձգման և ձգձգման հետ կապված, կվերանան, որովհետև պարզ կլինի՝ երբ, ինչու և ինչի համար է հետաձգվում դատական նիստը: Դատավարական ժամկետների առումով, իհարկե, պահպանվել է ընդհանուր կանոնը՝ ողջամիտ ժամկետում կատարել դատաքննությունը, բայց միևնույն ժամանակ՝ առանձին վարույթների համար սահմանվել են հստակ ժամկետներ: Կարևոր քայլ է կատարվել դատական ծախսերի առումով:
Մասնավորապես, հստակ սահմանվել է, որ հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը, իսկ դատական ակտը, միայն դատական ծախսերի մասով բողոք բերելու դեպքում, բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում»:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ առանձին հոդվածով կանոնակարգվել է փաստաբանի խելամիտ վարձատրության ինստիտուտը, դատական ծանուցումների ինստիտուտն է կատարելագործվել, առաջին անգամ նախատեսվել է պայմանագրային ծանուցման ինստիտուտը: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախատեսվել են երկու նոր վարույթներ՝ պարզեցված վարույթ և հեռակա դատաքննություն: Ըստ նրա՝ պարզեցված վարույթը թույլ կտա էականորեն նվազեցնել դատարանի ծանրաբեռնվածությունը, հեշտությամբ գործեր քննել: Եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ, ապա կարող է իրականացվել պարզեցված վարույթ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսեց հոդվածներից մեկի մասին, որը վերաբերում է փորձաքննություն նշանակելու՝ դատարանի որոշմանը: Նա ասաց, որ առաջարկում են նշել փորձաքննության անցկացման ժամկետը: