«Բունդեսթագի ընդունած բանաձևը շատ լավ ազդանշան էր աշխարհին». Ռուբեն Վարդանյան
Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, ասել է, որ իր համար, ում պապը հայտնվել է որբանոցում, քանի որ իր բոլոր հարազատները սպանվել էին, ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայ ժողովրդի համար այդ ծանր և սարսափելի պատմությունը, այդ պատմական ճշմարտությունը պետք է ընդունվի ողջ աշխարհի կողմից:
«Ես հասկանում են, որ դա ընդունել-չընդունելու հարց չէ, որ դա կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի համար: Երկակի ստանդարտների առկայությունը, այն ռեալ պոլիտիկը (realpolitik), երբ դու ասում ես, որ այո´, դա եղել է, սակայն ես ստիպված եմ այդ մասին չխոսել, ինչպես վարվում է ԱՄՆ նախագահը, երբ խոսում է այդ մասին, սակայն չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները, շատ վտանգավոր երևույթ է: Մենք դրանով ստեղծում ենք տիրույթ, երբ երկակի ստանդարտները հասարակական կյանքի իրավունք են ստանում»,- ասում է գործարարը:
Նրա խոսքով՝ գերմանական խորհրդարանը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք ու վճռականություն՝ ընդունել բանաձևն անկախ Թուրքիայի հետ հարաբերությունների բարդացումից:
«Նրանք ասացին՝ այո´, Թուրքիայի հետ ունենք կարևոր հարաբերություններ, այո´, մենք ունենք շատ ներգաղթյալներ, այո´, ունենք փախստականների ճգնաժամ, այնուամենայնիվ, դա ճշմարտություն է, դա շատ լավ ազդանշան էր աշխարհին»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:
Տեսանյութը դիտել 7.35 վայրկյանից:
Պատրաստեց՝ ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ