«Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի». Արմեն Մուրադյանը՝ նախարարության աշխատակիցների ձերբակալման մասին

«Իրավապահների տիրույթում է: Քննչական կոմիտեն է զբաղվում: Արդեն շուրջ երկու տարի է՝ այդ գործը շարունակվում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` խոսելով Առողջապահության նախարարության աշխատակիցների հետ կապված քրեական գործի մասին:

«Գործի բնույթը կապված է ուղեգրերի հետ: Նաև տեղեկացնեմ, որ երբ այդ հարցն օրակարգ եկավ, և դիմեցինք իրավապահ մարմիններին, տեղեկացրինք, հարուցվեց համապատասխան գործը, նաև կառավարությունը 2014թ. որոշում կայացրեց փոխել ուղեգրման ձևը՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով: Մենք դրեցինք նոր պաշտպանիչ շերտով և համարակալած ուղեգրերի նոր կարգ, որով հնարավորինս նվազեցրինք ռիսկերը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նախարարն ասաց, որ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իր կարծիքով՝ նրանք ակտիվորեն կմասնակցեն քննչական գործողություններին: «Պետի վերաբերյալ կարող եմ ասել, որ նա արհեստավարժ մասնագետ է: Կարծում եմ, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նախարարն ասաց, որ վնասի չափը չի կարող ասել, դա պետք է պարզի քննությունը:

Նշենք, որ հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Վերջին երկուսին հունիսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Տեսանյութեր

Լրահոս