Օբամայի և Դալայ-լամայի հանդիպումը չի փոխում ԱՄՆ-ի դիրքորոշումը Տիբեթի հարցի վերաբերյալ. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Դալայ-լամայի երեկ կայացած հանդիպումը կրել է մասնավոր բնույթ և չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը տիբեթյան հարցի նկատմամբ, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Նրանց հանդիպման մասնավոր բնույթը բացատրում է, թե ինչու է այն տեղի ունեցել Սպիտակ տան բնակելի հատվածում, այլ ոչ թե Օվալաձև սրահում, ԱՄՆ-ի դիրքորոշումը Տիբեթի հարցում չի փոխվել: Տիբեթը, մեր քաղաքականության համաձայն, Չինաստանի մասն է և ԱՄՆ-ը չի հայտարարել Տիբեթի անկախությանն աջակցելու մասին»,- ասել է Էռնեստը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Օբաման և Դալայ-լաման գնահատում են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական համագործակցությունը»:
Էռնեստը հիշեցրել է, որ նախագահական 8 տարում Օբաման Դալայ-լամայի հետ հանդիպում է արդեն չորրորդ անգամ ու «ավելի վաղ հայտնել էր իր համակրանքը նրա հանդեպ», տեղեկացնում է TASS-ը: