Բաժիններ՝

Պայթյունավտանգ գաղափարների գեներացիա՝ նորաբաց IT փաբում

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաները գրավել են ողջ աշխարհի ուշադրությունը: Մեր օրերում ամենահարգի աշխատանքներից է համարվում աշխատանքը IT ոլորտում: Բարձրագույն տեխնոլոգիաներն իրենց հետքը թողել են բոլոր ոլորտներում: Աշխարհում IT ոլորտի աշխատակիցների թվի աճի հետ՝ ավելանում են նաև բարձրագույն տեխնոլոգիաների սիրահարների համար նախատեսված վայրերը: IT սրճարաններ, հյուրանոցային համարներ, փաբեր, ռեստորաններ և մի շարք այլ հաստատություններ, որոնք հարազատ միջավայր են ստեղծում IT ոլորտի ներկայացուցիչների համար:

Հայաստանում ևս վերջին տարիներին ՏՏ ոլորտն արժանանում է մեծ ուշադրության: Ամեն տարի ավելանում են հատկապես երիտասարդները, ովքեր ընտրում են այս ոլորտում աշխատանքը: ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նման ակտիվությունն է պատճառներից մեկը, որ ոլորտի ներկայացուցիչներ Վարդան Պողոսյանը և Նարեկ Ալատուզյանը որոշել են բացել փաբ, որի նպատակն է՝ համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, կիսվել գաղափարներով, առաջիկա ծրագրերով, քննարկումներ կազմակերպել, և այլն:

IT pab (4)

Փաբի հիմնադիր Վարդան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ այն բացելու գաղափարն առաջացել է իր և իր ընկերոջ մոտ:

«Ճիշտն ասած, տեղյակ չէինք, որ աշխարհում ևս կան նման փաբեր: Փաբի հիմքում դրված է հետաքրքիր և կրեատիվ մարդկանց հավաքելը մի վայրում, ինչը պայթյունավտանգ գաղափարների գեներացիա կարող է առաջացնել»,- նշում է Վարդան Պողոսյանը:

Փաբի հիմնադիրները փորձում են կոտրել այն կարծրատիպերը, թե փաբերի գաղափարը միայն այնտեղ խմելն է: Ըստ նրանց՝ գաղափարները ծնում են նոր գաղափարներ, հետևաբար՝ փաբում՝ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, հնարավոր է քննարկել նոր մտքերը և ստանալ գոհացնող արդյունք:

IT pab (1)

«Հիմա IT ոլորտի ներկայացուցիչների համար նախապատրաստում ենք միջոցառումներ: Ընթացքում կլինեն հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ, քննարկումներ»,- պատմում է Վարդան Պողոսյանը:

IT pab (2)

Նշենք, որ փաբը՝ IT PUB անվանումով, տեղակայված է Մաշտոցի 37 հասցեում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս