Բաժիններ՝

Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ. Հարություն Մովսիսյանի սիրտը ստենտավորել են. aysor.am

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, որը մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը:

«Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է: Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը: Կարելի է ասել՝ առաջին անգամ դերասանի կյանքը փրկել է կինը, երկրորդ անգամ՝ դուստրը՝ ստիպելով անհապաղ դիմել բժշկի:

«Ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին: Նախորդ անգամ կինս էր ստիպել, այս անգամ էլ աղջիկս լացակումած ինձ գրկեց, ասաց, որ անպայման բժշկի գնամ: Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի:

Երախտապարտ եմ աղջկաս, ով ուղղակի փրկեց կյանքս»,-խոստովանեց նա:

Տարիներ առաջ վաստակավոր արտիստը ևս մեկ նմանատիպ վիրահատություն էր տարել. Սրտի անոթները փոխարինվել էին իր մարմնից վերցված 3 երակով, որոնցից մեկն էլ այս անգամ կես սանտիմետրի չափ «լոճվել» էր՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս