«Շումախերը պետք է լինել՝ Գյումրու փողոցներով, ջրափոսերով անվնաս և անվտանգ անցնել կարողանալու համար». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Գյումրու քաղաքային ճանապարհների համար վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ վարկառուն Հայաստանի Հանրապետությունն է, և վարկը բանկի հետ բանակցվել է ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Ֆինանսների նախարարության կողմից. «Շատ արդյունավետ կլինի, որովհետև Գյումրին դրա կարիքն ունի, ու Գյումրու ճանապարհային ցանցի վերականգնումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը և քաղաքային իշխանություններին՝ հետագա ծրագրերն իրականացնելու համար»:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք վերապահում ունեն ցանկացած վարկի վերաբերյալ, բայց սա եզակի դեպքերից է, որ պետք է հասկանալ, որ դրա անհրաժեշտությունը կա.
«Գյումրին մեր ցավոտ տեղերից է, ես ամեն շաբաթ լինում եմ Գյումրիում, և Շումախերը պետք է լինել, որ այնտեղի փողոցներով, ջրափոսերով անվնաս և անվտանգ անցնել կարողանալ: Իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է: Գյումրին մեզ համար բոլոր առումներով առանձնակի ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքներից մեկն է»:
Ն. Զոհրաբյանը հարց բարձրացրեց, թե որքա՞ն ժամանակ է նախատեսվում անել այս վարկով ծրագրված աշխատանքները: Ի պատասխան՝ Վ. Տերտերյանը պատասխանեց՝ երեք տարի: