Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել Պետդումայում, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ երկրների տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով: Այս մասին տեղեկանում են ՌԴ ԱԳՆ-ի կայքէջից:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես ներուկրաինական ճգնաժամին, այնպես էլ Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Գլխավորը՝ հարգել կողմերի ձեռք բերած պայմանավորվածություններն ու թույլ չտալ ռևիզիա»,- ասել է Լավրովը:
«Համոզված ենք, որ այդ բոլոր ճգնաժամային իրավիճակներն ավելի հեշտ կկարգավորվեին համաեվրոպական համագործակցության ոլորտում համակարգային թերությունների հաղթահարման, պահպանվող բաժանարար գծերի չեղյալ հայտարարման դեպքում»,- ասել է նա՝ կոչ անելով ձեռնամուխ լինել ընդհանուր տնտեսական և մարդասիրական տիրույթի ստեղծմանը, որը կձգվի Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս և հիմնված կլինի հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության վրա:
«Եվրասիական տնտեսական միությունը, չնայած հայտնի դժվարություններին, կայացել է որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն: Աստանայում մայիսի 31-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կայացված որոշումներն ուղղված են դրա մեջ մտնող երկրների կոնկրետ նպատակների ձեռքբերմանը, նրանց մրցունակության բարձրացմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, թե ուշադրության կենտրոնում են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ամրապնդումը, ՀԱՊԿ-ի արդյունավետ գործունեությունը, ԱՊՀ-ի աշխատանքի կատարելագործման մեթոդները: