«Այդ միջհամայնքային ճանապարհներում կարելի է առանց որևէ ավելորդ մասովկայի քարե դարի վերաբերյալ ֆիլմ նկարել». Նաիրա Զոհրաբյան
«Մենք իրավասու չենք առանց բնակիչների կարծիքը լսելու՝ նման որոշում կայացնելու»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ բնակիչների կարծիքը լսելու մի միջոց կա՝ հանրաքվե անցկացնելը, սակայն անձամբ ինքը չի հավատում հանրաքվեի արդյունքներին. «Ցավոք սրտի, մենք տեսանք՝ տեղական որոշ հանրաքվեներում արդյունքները տվեցին բացարձակ բացասական վերաբերմունք, ինչը բնական է, հանրաքվե էլ պետք չէր՝ տեսնելու, որ համայնքները դեմ են դրան: Ինչ վերաբերում է Սյունիքի համայնքի տխրահռչակ օրինակին, ապա եկեք այնտեղ հանրաքվե դնենք, որ Մոզամբիկն ամենաժողովրդավարական երկիրն է, հասկանալի է, որ Սյունիքում մի այնպիսի ռեժիմ է գործում, որ, եթե պետք լինի Մոզամբիկը ճանաչել դեմոկրատիայի կղզյակ, այդ հանրաքվեն տալու է բացարձակապես դրական արդյունք: Ես չեմ հավատում տեղական հանրաքվեներին»:
Նա հայտարարեց, որ իրենց խմբակցություն ևս զանգել են Բերդավանի և Կողբի բնակիչները. «Նրան գնալու են ամենածայրահեղ քայլերի, եթե դուք գնաք այդ խոշոր համայնքները միաձուլելու ճանապարհով: Միգուցե ապագա տեսլականի համար մենք այդ ճանապարհով գնանք, բայց մենք այս ռադիկալ հեղափոխությանը պետք է գնանք, երբ երկրում լինի ստաբիլություն: Հիմա նայեք, թե ինչ վիճակում են մեր միջհամայնքային ճանապարհները: Այդ ճանապարհներում կարելի է առանց որևէ ավելորդ մասովկայի քարե դարի վերաբերյալ ֆիլմ նկարել: Ո՞նց եք պատկերացնում՝ նման ոչնչացված ենթակառուցվածքներով գնանք համայնքների խոշորացման»: Ն. Զոհրաբյանի համար անհասկանալի է հարցի հրատապությունը: