«Եվրո 2016». 2-րդ տուրի 1-ին խաղային օրվա սպասելիքներով
Եվրո 2016-ի խմբային փուլի 2-րդ տուրի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին կայանալիք 3 հանդիպումներով: «Արմենպրես»-ը խաղերից առաջ շարունակում է ներկայացնել մասնակից հավաքականների միմյանց հետ ունեցած հանդիպումների տեսությունը:
Ռուսաստան-Սլովակիա: Երկու ազգային ընտրանիների հանդիպումը կարելի է որակել պայքար 2-րդ տեղի համար: Եվրո 2016-ի 1-ին հանդիպումները ցույց տվեցին, որ Սլովակիան և Ռուսաստանը խմբում մեծ դժվարություններ են ունենալու: Սլովակիան 1-2 հաշվով զիջեց Ուելսին և բարդացրեց հաջորդ փուլ դուրս գալու իր խնդիրը, իսկ ահա Ռուսաստանը դժվարին պայքարում վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվը Անգլիայի հավաքականի դեմ խաղում:
Ռուսաստանի և Սլովակիայի ընտրանիները միմյանց հետ հանդիպել են 8 անգամ, և կողմերի հաջողությունները գրեթե հավասար են: Չնչին առավելությունը Ռուսաստանի ընտրանու կողմն է, որը 8 հանդիպումից 3-ում հաղթանակ է տարել՝ Սլովակիայի 2-ի դիմաց: Ռուսաստանցիները դարձել են 7 գնդակի հեղինակ՝ սեփականն ընդունելով 6-ը: Եվս 3 հանդիպում կողմերն ավարտել են ոչ-ոքի: Ոչ-ոքիներից 2-ը բաժին է հասել աշխարհի 2006 թվականի առաջնության որակավորման փուլին, որտեղ հավաքականները հայտնվել էին նույն խմբում: Ռուսաստանի հարկի տակ հանդիպումն ավարտվել է 1-1, իսկ Բրատիսլավայում կողմերը բ աժանվել են 0:0 խաղաղ հաշվով:
Հավաքականների միջև առաջին երկու դիմակայությունները կրել են ընկերական բնույթ: 1994 թվականին նախ 2-1 հաշվով հաղթել է Ռուսաստանը, ապա Սլովակիան` նույն հաշվով արդեն հաջորդ տարի հաղթելով իր հարկի տակ: Կողմերի միջև վերջին խաղը տեղի է ունեցել 2014 թվականին և կրկին կրել է ընկերական բնույթ: Ռուսաստանի ընտրանին Կերժակովի միակ դիպուկ հարվածի շնորհիվ հաղթել է նվազագույն՝1-0 հաշվով: Ռուսաստան-Սլովակիա խաղը կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին:
Ռումինա-Շվեյցարիա: Ռումինիայի ազգային ընտրանին Եվրո 2016-ին մասնակցում է բարձր պատրաստվածությամբ: Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո 2016-ի բացման խաղում Անգել Յորդենեսկուի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ կարող են պայքարել նույնիսկ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականի դեմ: Եթե չլիներ Դիմիտրի Պայեի ֆանտաստիկ հարվածը՝ Ռումինիան միավորը կկիսեր ֆրանսիացիների հետ, արդյունքում եղավ ցավալի պարտություն: Շվեյցարիայի հավաքականը իրավամբ համարվում է 1-ին ընտրական խմբի ֆավորիտներից մեկը: Ալբանիայի հետ խաղը ցույց տվեց, որ Մարսել Կոլերի ֆուտբոլիստները կարող են առնվազն գրավել 2-րդ տեղը իրենց խմբում և դուրս գալ 1/8 եզրափակիչ:
Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականներն իրենց ֆուտբոլային պատմության ընթացքում հանդիպել են 10 անգամ: Բոլոր ցուցանիշներով հավաքականները գտնվում են հավասար կարգավիճակում: Մինչ այս խաղը Ռումինան տարել է 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի և ևս 2 խաղում հաջողությունը ուղեկցել է Շվեյցարիային: Ռումինացիները դիմակայություններում աչքի են ընկել 11 անգամ, իսկ ահա Շվեյցարիան 17 գոլի հեղինակ է դարձել: Ռումինիա-Շվեյցարիա խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:
Ֆրանսիա-Ալբանիա: 1-ին ընտրական խմբում Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումը կարելի է անվանել առաջատարի և ետնապահի առճակատում: Ֆրանսիայի հավաքականը երկրպագուների կարծիքով, իրավունք չունի սայթաքել այս խաղի ընթացքում, և 3 միավորը խաղի տրամաբանական ելքն է: Ալբանիան առաջին պարտությունից հետո խաղադաշտ է դուրս գալու կորցրածն անպայման վերականգնելու համար:
Ֆրանսիայի և Ալբանիայի հավաքականները միմյանց դեմ խաղացել են 6 անգամ: 1990-2011 թվականներին ընտրանիները չորս անգամ դուրս են եկել իրար դեմ, և այդ չորսում էլ հաղթանակ են տարել ֆրանսիացիները: Այդ ընթացքում Ալբանիայի դարպասն ուղարկված 11 գնդակներին վերջիններս կարողացել են պատասխանել միայն մեկ դիպուկ հարվածով: Այդ չորս խաղերի թվում կա նաև բավականին խոշոր հաշվով հաղթանակ՝ 5-0 , որը գրանցվել է 1991 թվականին Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Կողմերը ևս 2 ընկերական հանդիպում անկացրել են Եվրո 2016-ի նախապատրաստական փուլում:
Ալբանի ան սեփական հարկի տակ անակնկալ հաղթանակ է տարել նվազագույն հաշվով, իսկ ահա դրսի խաղում Ալբանիան կարողացել է խաղն ավարտել 1-1 հաշվով: Խաղային օրվա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ժամը 23:00-ին: