Ալիևը ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքին ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդային:
Ինչպես հայտնում է APA-ն, հանդիպմանը համազեկուցողներն ասել են, որ Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցությունը կընդլայնի միջազգային համագործակցությունը: Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև համագործակցությանը, հյուրերը տեղեկացրել են, որ այն հաջողությամբ զարգանում է:
Համազեկուցողները հայտնել են, որ Եվրոպայի խորհուրդը հավանության է տվել Ադրբեջանի կողմից ընդունված Համաներման մասին ակտին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և կարծիքներ փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ:
Համազեկուցողները հանդիպելու են նաև Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ԿԸՀ նախագահ Մազախիր Փանահովի հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև քաղաքացիական հասարակության, արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Շեննաքին և Պրեդային միանալու է նաև բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեխը: Զեկուցողների այցի հիմնական նպատակն է հետևել հունիսի 18-ին Աղդաշի ընտրական թիվ 90 շրջանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
Այցը կտևի հունիսի 15-17-ը: