Բաժիններ՝

Կրեմլում հնարավոր են համարում Անկարայի հետ հարաբերությունների նորմալացումը

Մոսկվան կցանկանար նորմալացնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների իրականացման, դա անհնար է: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, մենք կցանկանայինք և ցանկանում ենք մեր հարաբերությունները նորմալացնել և կցանկանայինք վերադառնալ բարի, երկկողմ շահավետ համագործակցության: Սակայն, միևնույն ժամանակ, նախագահ Պուտինը հստակ հասկացրել է, որ տեղի ունեցածից հետո առանց Անկարայի կողմից անհրաժեշտ գործողությունների, հարաբերությունների ինչ-որ կարգավորում հնարավոր չէ: Եվ մենք չափազանց ափսոսում ենք, այդ մասին բազմիցս ասել ենք, որ մի վայրկյանում մեր հարաբերությունների նման հարուստ փորձը ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողություններով»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլը տեղեկացրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳՆ-ի խողովակներով նամակ է ուղարկել Պուտինին՝ շնորհավորելով ռուսներին Ռուսաստանի տոնի կապակցությամբ և ցանկություն հայտնել, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակի»:

«Հարգելի´ պարոն Նախագահ: Ողջ թուրք ժողովրդի անունից, ի դեմս Ձեզ, շնորհավորում եմ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակի»,- ասված է շնորհավորական նամակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս