«Ոմանց հետաքրքիր են պորտից ներքև գործողությունները». Այվազյանը` Էնֆիաջյանի հետ վիճաբանության մասին
«Բարոյական օրենքներից խոսում են դրանից զուրկ մարդիկ, խոսում են արժանապատվության համակարգից, խոսում են համարձակ լինելուց: Լավագույն հնարավորություն ընձեռված եղել է իրենց այդ համարձակությունը ցույց տալու: Թաքցնելու բան չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի հետ իր հեռակա վիճաբանության մասին:
Նա նշեց, որ, եթե Էնֆիաջյանն իրեն է նկատի ունեցել՝ ասելով` մեծ քիթ ունի, քթածակ չունի, ապա իր կողմից հնչեցված վիրավորանքներն էլ ուղղված են եղել Էնֆիաջյանին. «Ոմանց հետաքրքիր են պորտից ներքև գործողությունները, հարված ստանալը»:
Հարցին՝ արդյոք հարի՞ր նման հռետորաբանությունն ԱԺ-ում, Վ.Այվազյանը պատասխանեց, թե ինքը միայն պատասխանել է, խոսվել է երրորդ դեմքով, իր պատասխանն էլ է եղել երրորդ դեմքով, իսկ այժմ ինքը փակում է այս խոսակցությունը: Նա նշեց, թե ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունի, յուրաքանչյուրն իր տեսակետն ունի ու կարող է արտահայտել, բայց, եթե հարվածում են, ինքն էլ պատասխանում է:
«Ես փակում եմ այս խոսակցությունը, որովհետև այլ խոսակցություն ես կարող եմ ցանկացած տեղ ցանկացած ձևի խոսել: Սա իմ խնդիրը չի, բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ինչն ինչոց ա»,- ասաց Վ.Այվազյանը:
Հիշեցնենք, որ Վահե Էնֆիաջյանը երեկ լրագրողների հետ զրույցում, իր հերթին՝ պատասխանել էր Այվազյանին: «Ով ուզում ա՝ լինի, իր ապրած կյանքով, իր անցած ճաապարհով, անկախ նրանից՝ ով կողքից ու կշտից ինչ ուզում ա ասի, իրա տեսակով ըտենց մարդ չկա, որ կարողանա վիրավորանքի խոսքով ինձ անձնավորված մի բան ասի ու համարժեք պատասխանը չստանա: Մարդ պետք ա համապատասխան արժեհամակարգ ունենա, գիտակցություն ունենա, որ ԱԺ ամբիոնը դա քաղաքական ամբիոն է: Եթե կոնկրետ իմ խոսքը ոմանց համար էդքան ցավագին ա եղել, որ փորձել են էդ ձևի մտածեն, ով ուզում ա՝ լինի, եթե ըտենց մարդ էլ կա, իրա ճակատին նայելով, որտեղ էլ ուզում ա լինի, կարամ ասեմ մի բան՝ նա բարոյական օրենքներից զուրկ ա»,- ասել էր Էնֆիաջյանը: