Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ սովորել են քաղցկեղն ախտորոշել մեզի անալիզով
Ճապոնացի մասնագետներն առաջին անգամ քաղցկեղային հիվանդությունների առանձին տեսակների ախտորոշման մեթոդ են մշակել մեզի անալիզի օգնությամբ: Այս մասին հայտնել է Hitachi ընկերությունը, որը Sumitomo կորպորացիայի հետ համատեղ կատարում է այդ հետազոտությունը:
«Գիտափորձերի ընթացքում մեզ հաջողվեց առանձնացնել մեզի պարունակած 1300 նյութերից տասը, ներառյալ շաքարն ու լիպիդները, որոնց շնորհիվ կարելի է որոշել քաղցկեղի առկայությունը՝ համեմատելով հիվանդ եւ առողջ մարդու անալիզները»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Ախտորոշման մեթոդները կիրառելի են կրծքի եւ հաստ աղու քաղցկեղով հիվանդների համար: Առաջին հետազոտությանը մասնակցել է 30 մարդ: Մոտ ժամանակներս Hitachi-ն եւ Sumitomo-ն մի քանի բուժհիմնարկների աջակցությամբ կրկնական գիտափորձ կանցկացնեն 200 մարդու մասնակցությամբ:
Ճապոնացի գիտնականներն այն կարծիքին են, որ ախտորոշման այս մեթոդը առավել դյուրինն է հիվանդների համար՝ արյան անալիզների, ֆլյուրոգրաֆիայի կամ ռենտգենի համեմատությամբ: Մի քանի տարուց նրանք հույս ունեն այն ներդնել ամբողջ երկրում:
Վիճակագրության տվյալներով՝ տարեկան Ճապոնիայում քաղցկեղից մահանում է շուրջ 400 հազար մարդ: Ճապոնացի բժիշկները խիստ անհանգստացած են այն բանից, որ ճապոնացիների մեծամասնությունը շատ հազվադեպ է անալիզներ հանձնում՝ ստուգելու այդ հիվանդության առկայությունը: Ուռուցքաբանների կարծիքով՝ հենց վաղ ախտորոշումն է քաղցկեղի հաջող բուժման գլխավոր գործոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: