
Ճապոնիայում սեւ ձմերուկը վաճառել են 4700 դոլարով

Ճապոնիայի Տոմա քաղաքից (Հոկայդոյի հյուսիսային պրեֆեկտուրա) ֆերմերները «դենսկե» հռչակավոր սորտի ձմերուկը վաճառել են 500 հազար իենով (4700 դոլարով): Ինչպես հունիսի 14-ին հայտնել է Կիոդո գործակալությունը, այս տարվա առաջին աճուրդում ընդհանուր առմամբ իրացվել է 260 այդպիսի ձմերուկ:
Չնայած այն կլորիկ գումարին, որը ձմերուկի համար վճարել Է գնորդը, գինը ռեկորդային չի դարձել: 2008 թվականին ամենաթանկ «դենսկեն» վաճառվել է 650 հազար իենով (շուրջ 6100 դոլարով):
Այս ձմերուկները հայտնի են իրենց մուգ կանաչ, գրեթե սեւ կեղեւով, առանձնակի հյութեղությամբ եւ քաղցրությամբ: Տոման դրանց աճեցման կենտրոնն է, հենց այստեղ էլ ամեն տարի տեղի է ունենում աճուրդ: Այս տարի Հոկայդոյի ֆերմերները ծրագրում են վաճառել առնվազն 70 հազար էլիտային ձմերուկ՝ հատը միջինը 5 հազար իենով (47 դոլարով), հաղորդել է ՏԱՍՍ-ը: