«Որքանո՞վ էր վստահելի ՀՀ ՊՆ և պետական այլ մարմինների կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունը քառօրյա պատերազմի վերաբերյալ». հարցում
Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում իրականացված հետազոտության արդյունքներով հարցվողների մեծամասնությունը ապրիլյան պատերազմի վերաբերյալ տեղեկատվությունը ստացել է հեռուստացույցի միջոցով` 85.1 տոկոս: Այս մասին է վկայում «Գելափ Ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության կողմից մայիսի 13-24-ին իրականացրած հետազոտությունը: Պատերազմի վերաբերյալ ինֆորմացիայի այլ հիմնական աղբյուրներ են ծառայել նաև ֆեյսբուքը` 44 տոկոս, շրջապատը` 43.8 տոկոս, ՀՀ ՊՆ մամլո ծառայութան քարտուղարի ֆեյսբուքյան էջը` 19.7 տոկոս, լրատվական կայքերը` 15.1 տոկոս, ՀՀ ՊՆ պաշտոնական վեբ կայքը 7.8 տոկոս, ԼՂՀ ՊՆ պաշտոնական վեբ կայքը` 5 տոկոս: Ռադիոյի միջոցով տեղեկացել է 3.7, իսկ տպագիր մամուլի միջոցով` 1 տոկոսը (հարցվողներն ունեցել են մեկից ավելի պատասխաններ ընտրելու հնարավորություն):
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ` իրենց համար ցանկալի է, որպեսզի բնակչության համար հեռուստացույցը, պաշտոնական ու լրատվական կայքերը լինեն տեղեկատվության հիմնական աղբյուր, քան Ֆեյսբուքն ու շրջապատը: «Ես կարծում եմ` ըստ մարզերի պետք է հասկանալ: Ես վստահ եմ, որ տարբեր մարզերում տարբեր իրավիճակ է, բայց մտահոգիչ չեմ համարում այս պատկերը, քանի որ առողջ դաշտը գերակշռում է»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Որքանո՞վ էր ըստ Ձեզ վստահելի ՀՀ ՊՆ և պետական այլ մարﬕնների կողﬕց տրված պաշտոնական տեղեկատվությունը քառօրյա պատերազﬕ վերաբերյալ» հարցին էլ հարցվողների 16.9 տոկոսն ասել է` «լիովին վստահելի էր», 55.9 տոկոսը` «ավելի շուտ վստահելի էր», 20.6 տոկոսը` «ավելի շուտ վստահելի չէր», 4 տոկոսը` «ընդհանրապես վստահելի չէր»:
Ինչ վերաբերում է բանակի ու նրա հետ կապված գերատեսչությունների աշխատանքին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ թերություններ միշտ էլ լինելու են, քանի որ աշխատող մարդու մոտ հնարավոր չէ բացթողումներ չլինեն: Մանավանդ, երբ խոսք է գնում դինամիկ մարտական գործողությունների, պատերազմի ու անվտանգության խնդիրների մասին: «Թերությունների շտկման ուղղությամբ միշտ հետևողական աշխատանք է տարվում»,-ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով նաև հարցման արդյունքները, որոնք խոսում են իրենց ձեռքբերումների մասին: