
Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է Հայաստանի ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՞ն

Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, ով սպանվել է ապրիլի 2-ին՝ Արցախում մղված մարտերի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ վարորդական իրավունքի վկայականն իր տան դիմաց հայտնաբերել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Ալիմ օղլու Մամեդովը (1979թ. ծնված), որը այն հանձնել էր ոստիկանությանը:
Հաղորդվել էր, որ վարորդական վկայականը պատկանել է Հայաստանի քաղաքացի, 1982 թվականին ծնված Ալեքսանդր Առաքելյանին: Վկայականը BC տեսակի էր, Հայաստանի իրավապահների կողմից տրվել էր 2014 թվականի օգոստոսի 27-ին: Վկայականի համարն էր RG 052597:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ կատարվում է հետաքննություն: Նշվում էր, որ փաստաթուղթը հայտնաբերվել է Բաքվի Սաբունչիի շրջանում:
Կայքը հայտնում է, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը համացանցում տեղադրել էր զոհված հայ զինծառայողների փաստաթղթերը, որոնց թվում է եղել նաև Ալեքսան Առաքելյանի վկայականը: Կայքը չի բացառում, որ այդ և մյուս փաստաթղթերը կարող էին հայտնվել ադրբեջանցի զինծառայողների ձեռքերում: