«Ինչ քաղաքականություն վարի Իրանը, նույնպիսի պատասխան կստանա Ադրբեջանից». Ադրբեջանի խորհրդարանի նախագահ
Այսօր Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) տեղի ունեցած քննարկումների ընթացքում, երբ քննարկվել է Արաքս գետի վրա «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասը» հիդրոկայանների ու հիդրոհանգույցների շինարարության վերաբերյալ Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև համաձայնագրի հաստատման վերաբերյալ օրինագիծը, Իրանի հասցեին հնչել են քննադատություններ, հայտնում է APA-ն:
Պատգամավոր Զահիդ Օրուջը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են գտնվում, չեղյալ է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը, իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատրաստվում է այցելել Երևան:
«Ես չեմ ցանկանում Հասան Ռուհանիին խորհուրդ տալ՝ այցելե՞լ, թե՞ չայցելել Երևան: Սակայն չնայած նրան, որ Իրանն իրեն աշխարհում ներկայացնում է որպես մուսուլմանների պաշտպան, մենք ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցում նրանից չենք տեսնում պաղեստինյան հարցի նկատմամբ համարժեք վերաբերմունք:
Միջուկային խնդրի թեժ ժամանակ մենք թույլ չտվեցինք, որ Ադրբեջանը վերածվի Իրանի դեմ ուղղված հարթակի: Իրանը ցանկանում է Ադրբեջանի՞ հետ հաստատել բարեկամական հարաբերություններ, թե՞ ընտրել այլ ուղի»,- հայտարարել է նա:
Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը խորհուրդ է տվել Օրուջին չհավատալ նրան, ինչ գրված է: «Ես չեմ հավատում, թե Հասան Ռոուհանին կգնա Հայաստան»,- ասել է նա:
«Դուք, հղում կատարելով տարբեր աղբյուրների, ասում եք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Հայաստան, սակայն չեք խոսում Ադրբեջան պլանավորվող այցի մասին»,- ասել է նա:
Ասադովը նաև ասել է, որ Իրանի հետ կապված որոշ հարցեր պետք է ստանան իրենց լուծումը: «Սակայն Իրանի խորհրդարանում չեն հնչում նման հայտարարություններ Ադրբեջանի վերաբերյալ: Հարցերն ունեն իրենց լուծումները …. Իրանն անկախ պետություն է: Ինչ քաղաքականություն վարի Իրանը, նույնպիսի ադեկվատ պատասխան կստանա Ադրբեջանից»,- ասել է նա: