
Թուրքիայում ԵՄ դեսպանը լքում է իր պաշտոնը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս-Յորգ Հաբերը հեռանում է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նա իր պաշտոնը կլքի օգոստոսի 1-ից»,- լրագրողներին ասել է Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Նա հրաժարվել է անվանել Հաբերի հրաժարականի պատճառը՝ հայտնելով, որ Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը մոտ ժամանակներս կնշանակվի:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԵՄ դեսպանն ավելի վաղ քննադատել էր ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների մասին համաձայնագրի իրականացման ընթացքը: Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն իր մոտ էր հրավիրել Հաբերին՝ իր վրդովմունքը հայտնելու մամուլի ասուլիսի ժամանակ նրա ելույթների կապակցությամբ:
Դեսպանը հայտարարել էր, որ Թուրքիային ներկայացված 72 պահանջները, որոնք հարկավոր է իրականացնել վիզաները չեղյալ հայտարարելու համար, որոշվել են դեռ 2013թ.: Նա նաև հավելել էր. «Մենք առած ունենք՝ սկսել ինչպես թուրք, ավարտել՝ ինչպես գերմանացի, սակայն այստեղ ամեն ինչ հակառակն է»:
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Ալփերը նշել էր, որ դեսպանի համար այդ խոսքերը «սազական չեն»: